ՈՒրիշները Եղիշեի մասին


 

 

 

 

 

 

Եղիշեի երկի առանձին արտահայտություններ դարձել են թևավոր խոսքեր՝

  «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»,


«Լավ է աչքով կույր լինել, քան մտքով»:


Եղիշե


Հայ գրականության Ոսկեդարի գրող, պատմագիր։

V դարի պատմագիր և փիլիսոփա Եղիշեի «Վարդանի և Հայոց
պատերազմի մասին» երկը մեծապես նպաստել է պատմագիտական մտքի և ազգային մտածողության զարգացմանը: Երկը իրական
փաստերի վրա, ժողովրդական վեպի ավանդույթների ոգով կերտված հերոսապատում է, որը Եղիշեն համարել է «սիրելիների համար
մխիթարություն, հուսացողներին՝ հույս, քաջերին՝ քաջալերություն»:

 

 

 

Եղիշեի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել: Նա Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից էր: 434 թ-ին Մովսես Խորենացու և ուրիշների հետ մեկնել է Աղեքսանդրիա՝ ուսանելու: 441 թ-ին վերադարձել է հայրենիք, դարձել Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի զորականը և դպիրը: Մասնակցել է Վարդանանց պատերազմին (450–451 թթ.), իսկ Ավարայրի ճակատամարտից հետո թողել է զինվորական ու աշխարհիկ կյանքը, անցել ճգնակեցության:


«Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկը գրել է 458 թ-ից ոչ շուտ, հավանաբար 464-ից հետո՝ Դավիթ Մամիկոնյան երեցի հանձնարարությամբ:


Եղիշեի երկը բաժանված է 7 գլխի, ունի նաև լրացուցիչ գլուխ, որտեղ պատմվում է գերեվարված հայ հոգևորականների նահատակության մասին, և 2 հավելված:
Իրադարձությունների ականատես պատմիչը գրքի 3 մասերում` «Սկիզբ», «Միջոց» և «Ավարտ», հաջորդաբար ներկայացրել է պատերազմի շարժառիթները, ընթացքը և հետևանքները, ստեղծել գեղարվեստական կատարյալ ու հայրենաշունչ պատում:

Պարսկաստանից ուղարկված մի գրությամբ հայերից պահանջվում էր ընդունել իրենց կրոնը՝ կրակապաշտությունը: Հայերը լավ էին հասկանում, որ դա նշանակում էր կորցնել ոչ միայն քրիստոնեական հավատը, այլև ազգային ինքնությունը:

Այդ պատճառով էլ Պարսկաստանի Տիզբոն մայրաքաղաք կանչված նախարարները, որոնց թվում էին սպարապետ Վարդան Մամիկոնյանը և մարզպան Վասակ Սյունին, Պարսից արքունիքի ճնշմամբ առերես ընդունել են կրակապաշտությունը և 700 մոգերի հետ, ովքեր պիտի իրականացնեին կրոնափոխությունը, վերադարձել են Հայաստան: Սակայն ժողովուրդն ապստամբել է, սկսվել է ազգային-ազատագրական և կրոնական պայքարը, որը հայտնի է «Վարդանանց պատերազմ» անունով:

Հայոց մարզպան Վասակ Սյունին փորձել է որոշ զիջումների գնով փրկել Հայաստանը հնարավոր աղետից, բայց նրա տեսակետը չի ընդունվել:


Եղիշեն պայքարը համարել է գերագույն առաքինություն և գովերգել նրա հերոսներին:
Եղիշեի պատմությունը գրված է «ոսկեղենիկ» հայերենով: Այն դարեր շարունակ պայքարի է կոչել հայ ժողովրդին, բարձր է պահել նրա հայրենասիրական ոգին:


Երկը հրատարակվել է ավելի քան 40 անգամ. առաջինը լույս է տեսել 1764 թ-ին Կոստանդնուպոլսում, գիտահամեմատական հրատարակությունը` 1957 թ-ին, Երևանում, թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով:


Եղիշեի երկը սկզբնաղբյուր է ծառայել Ղևոնդ Ալիշանի, Ռափայել Պատկանյանի, Դերենիկ Դեմիրճյանի առանձին ստեղծագործությունների համար:


Եղիշեին են վերագրվում նաև մեկ տասնյակ այլ, հիմնականում կրոնաեկեղեցական ստեղծագործություններ: Հետմաշտոցյան շրջանում նա առաջինն է ստեղծել տիեզերքի մոդելը՝ ըստ թվերի սիմվոլիկայի:


Եղիշեի մասունքներն ամփոփվել են Վանա լճի մերձափնյա Չաղար գյուղի Սբ Աստվածածին վանքում, որը կոչվել է նաև Եղիշեի վանք:


Հայ եկեղեցին Եղիշեին դասել է տոնելի սրբերի կարգը: Նրա հիշատակը նշվում է Խաչվերացի 5-րդ կիրակիին նախորդող շաբաթ օրը` Սրբոց թարգմանչաց տոնի հետ:

 

 

 

 

 

Կենսագրությունը


Այս պատմիչի մասին քիչ բան գիտենք, այն քիչն էլ մեզ հասցրել է ավանդությունը, որի համաձայն Եղիշեն եղել է վարդապետ Սահակի և Մաշտոցի կրտսեր աշակերտներից։ Եղիշեն սկզբնական կրթությունը ստացել է հայրենիքում, նորաբաց դպրոցներում հայերենի հետ սովորել է նաև հունարեն, ասորերեն և պարսկերեն։ Ապա Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կողմից մի խումբ այլ աշակերտների հետ 432-433 թթ ուղարկվել է Ալեքսանդրիայի հռչակավոր համալսարան։ Մի քանի տարի այնտեղ սովորելուց հետո 441-442 թթ վերադարձել է Հայաստան՝ ստանալով վարդապետական աստիճան։ Եթե ընդունենք, որ Եղիշեն Ալեքսանդրիա մեկնելիս եղել է 24-25 տարեկան հասակում, ապա նա պետք է ծնված լինի 410-415 թթ ժամանակամիջոցում։ Հայրենիք վերադառնալով՝ ըստ ավանդապատման, դարձել է Վարդան Զորավարի գրագիրը, 451 թ հայոց ազատագրական պայքարի՝ Ավարայրի հերոսամարտի ժամանակակիցն ու մասնակիցն է եղել։ Հայտնի է, որ հայոց պատերազմից հետո Եղիշեն դարձել է մենակյաց և ճգնավոր՝ մեկուսանալով Մոկաց լեռներում՝ մի քարայրում, որը հետագայում կոչվել է «Եղիշեի Այր»։ Հենց այդտեղ էլ գրել է «Վարդանի և Հայոց Պատերազմի Մասին» երկը և աստվածաբանական և կանոնական, խրատական բնույթի աշխատություններ։ Մահացել է խոր ծերության հասակում, ենթադրաբար 470-475 թթ միջև ընկած ժամանակամիջոցում։