ՈՒրիշները Խորենացու մասին


 

Վիկտոր Լանգլուա, ֆրանսիացի արևելագետ, հայագետ

«Մովսես Խորենացին բազմագիտակ է .... Նա հին աշխարհի ամենանշանավոր հեղինակներից էր .... Նա բարձր է կանգնած իր դարաշրջանի մտածողությունից և հայրենի պատմագիտությունը հսկայական քայլերով առաջ է մղել: Կգա մի օր, որ գիտական Եվրոպան նրան կհայտարարի Մեծ՝ իր ապրած ժամանակի համար, կգա մի օր, որ Մովսես Խորենացուն մեղադրողները կարդարացնեն նրան, որովհետև եթե լավ հետազոտեն Խորենացուն, կճանաչեն նրա անկեղծությունը և համաձայն կլինեն անվանելու նրան Հայոց Պատմահայր»:

 

Ստեփան Մալխասյանց, բանասեր, լեզվաբան

  «Խորենացին առաջինը եղավ, որ գրեց հայ ազգի սիստեմական պատմությունը սկզբից մինչև իր ժամանակները.... Սա մի ծննդյան վկայական էր մեր ազգի համար, որ մինչև այդ ժամանակ չգիտեր, թե ո՞վ է ինքը և ի՞նչ ծագում ունի: Կապելով հայ ազգի սկզբնավորությունը Սուրբ Գրքի հետ, ծագեցնելով հայերին Հաբեթի ցեղից՝ նա հայ ազգի համար ստեղծեց պատվավոր տեղ մյուս հին ազգերի շարքում»:

 

Ֆրեդերիկ Ֆեյդի, ֆրանսիացի հայագետ

 «Խորենացու «Պատմություն Հայոց»-ը գրված է խորունկ հայրենասիրությամբ .... Նա չբավարարվեց մի ժամանակագրություն գրելով: Նա կամեցավ ստեղծել իր ազգի պատմությունը: Այդ նպատակով դիմեց հույն, պարսիկ, ասորի, քաղդեացի այն պատմիչներին, որոնց գործերը կարողացավ ուսումնասիրել:   
Մովսես Խորենացին ամենաբարեխիղճ մատենագիրներից է՝ հայ թե օտար... Նա որոնում էր այն փաստերը, որոնք պետք է հաստատեին պատմական ճշմարտությունը»:

 

Խորենացու ասույթներից շատերը դարձել են թևավոր խոսքեր.

  «Քաջերի սահմանը նրանց զենքն է. որքան կտրի՝ այնքան էլ կտիրի»: 

«Քաջերի սերունդները քաջեր են»: 

«Մահկանացուների ժամանակը կարճ է և անհայտ»:

 

Մովսես Խորենացի


- «Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր աշխարհում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել»:


   

Մովսես Խորենացի


 

Մովսես Խորենացին վաղմիջնադարյան պատմագրության մեծագույն
ներկայացուցիչներից է, հայ պատմագրության հայրը՝ Պատմահայրը:
Խորենացուն մեծարել են նաև Հայ Հերոդոտոս, Տիեզերահռչակյալ քերթող,
Քերթողահայր պատվանուններով: Նրա «Պատմություն Հայոց»
աշխատությունը հայ ժողովրդի պատմության ամբողջական շարադրման
առաջին փորձն է,
Հայոց նախնական պատմության առաջին ու ամենահավաստի աղբյուրը:

 

 

 

 

Մովսես Խորենացին Վաղարշապատի մայր դպրոցում աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին: Այնուհետև ուսումնառությունը շարունակել է Ալեքսանդրիայում, Եդեսիայում, հմտացել քերականության ու ճարտասանության մեջ, յուրացրել հունական գրականության, դիցաբանության, պատմագրության և իմաստասիրության հարուստ ավանդույթները: Տունդարձի ճանապարհին եղել է Հռոմում, Աթենքում, Կոստանդնուպոլսում և մոտ 440 թ-ին վերադարձել է Հայաստան:


461 թ-ին նշանակվելով Բագրևանդի թեմակալ առաջնորդ՝ Խորենացին ծավալել է մանկավարժական, գրական և թարգմանական գործունեություն: 470-ական թվականների վերջին իշխան Սահակ Բագրատունու պատվերով սկսել է գրել «Պատմություն Հայոց» մատյանը. ավարտել է  482 թ-ից առաջ` մինչև Սահակ Բագրատունու մահը:


«Պատմություն Հայոց» աշխատությունը բաղկացած է 3 գրքից: Առաջինում հեղինակն անդրադարձել է հայ ժողովրդի ծննդաբանությանը, մանրամասնորեն քննության առել հայոց անվանադիր նախնի Հայկ Նահապետի ու նրա սերունդների (Արամ, Արամանյակ, Արա և ուրիշներ) գործունեությունը: Երկրորդը նվիրված է Արշակունյաց արքայատոհմի պատմությանը և ավարտվում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու իրադարձությունների նկարագրությամբ: Երրորդում շարադրված է Տրդատ Գ Մեծի հաջորդների, Պարսկաստանի ու Հռոմի միջև Հայաստանի առաջին բաժանման (387 թ.), Արշակունյաց թագավորության անկման (428 թ.) պատմությունը: Խորենացին իր մատյանն ավարտել է «Ողբով»՝ ներկայացնելով թագավորական տան կործանումը, երկրի թշվառությունն ու իր հոգեկան տառապանքը: «Ողբի» առաջին տողը հայ ազգի սեղմ ու փայլուն գովերգ է, որը վերածվել է թևավոր խոսքի:


«Պատմություն Հայոց»-ը Հին Հայաստանի պատմության եզակի և ստուգապատում սկզբնաղբյուր է. մանրամասն տեղեկություններ է հաղորդում հին հայկական հեթանոսական կրոնի, մշակույթի ու դիցարանի, Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի, ինչպես նաև հարևան ու հեռավոր երկրների պատմության վերաբերյալ:


Խորենացու երկի առաջին գրքի ու երկրորդի մի մասի հիմքը վիպական ավանդություններն են: Նա բարեխղճորեն մշակել և ներկայացրել է Հայկի և Բելի, Արամի, Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին վիպաառասպելական զրույցները, Վահագնի, Տորք Անգեղի, Արտավազդի առասպելները, «Վիպասանք» վիպաշարը և այլն, ցույց տվել դրանց պատմական արժեքն ու հավաստիությունը:


Խորենացին օգտագործել է օտար ու հայկական (այդ թվում՝ նախամաշտոցյան) մատենագրական, վավերագրական, բանավոր, նյութական և այլ սկզբնաղբյուրներ: Մատենագրական օտար սկզբնաղբյուրներից հիշատակվում են Աստվածաշունչը, Հոմերոսի, Հերոդոտոսի, Մանեթոնի, Հովսեպոս Փլավիոսի, Եվսեբիոս Կեսարացու և ուրիշների երկեր:

 

Նախամաշտոցյան սկզբնաղբյուրներից են Մար Աբաս Կատինայի (մ. թ. ա. II դար) մատյանը, «Մեհենական պատմությունները» [հեղինակները, ըստ Խորենացու, Արամազդի տաճարի քուրմ Ողյումպը (I–II դարեր) և ասորի գրող (հավանաբար՝ ծագումով հայ) Բարդածան Եդեսացին (III դար) են], ինչպես նաև «Հյուսումն պիտոյից» երկը (Խորենացին հեղինակին չի հիշատակում):

 

Մաշտոցատառ մատենագրական աղբյուրները Կորյունի, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի երկերն են, վավերագրականները՝ Գահնամակը (Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների տեղերի, գահերի կամ պատվաստիճանների ցուցակը) և Հայաստանում հայտնաբերված այլալեզու վիմագրությունները: Բանավոր աղբյուրները ժողովրդական երգիչներից՝ գուսաններից գրառած հայ բանահյուսության նմուշներ են՝ վիպասանների ու թվելյաց երգեր, զրույցներ (օրինակ՝ «Վահագնի ծնունդը», «Արտաշես և Սաթենիկ», «Տիգրան և Աժդահակ»), պատմաավանդական ստեղծագործություններ, նախարարական տոհմերի ծագման շուրջ հյուսված ասքեր և այլն: Նյութական սկզբնաղբյուրները Խորենացու նկարագրած քաղաքներն ու բնակավայրերն են, լեզվական աղբյուրները՝ անձնանունները, տեղանունները, տոհմանունները, որոնք հեղինակը ստուգաբանել ու մեկնաբանել է պատմական իրադարձությունների տեսանկյունից:


«Պատմություն Հայոց»-ն իր կուռ կառուցվածքով, հստակ ու ճշգրիտ ժամանակագրությամբ, պատմության պարբերականացման սկզբունքով, շեշտված հայրենասիրական ուղղվածությամբ դարձել է անփոխարինելի ազգային արժեք, համաշխարհային պատմագիտական մտքի նշանավոր կոթողներից: Այն մեծապես նպաստել է հայ ազգային մտածողության զարգացմանը և բարոյական ոգու զորեղացմանը: «Պատմություն Հայոց»-ն օրինակ ու չափանիշ է եղել միջնադարյան հայ պատմագիրների համար, բազմիցս ընդօրինակվել է և մինչև XIX դարի կեսերը հայկական դպրոցներում եղել է հայ ժողովրդի պատմության անփոխարինելի դասագիրք:


Երկի հնագույն ընդօրինակություններից մեզ են հասել 50 ամբողջական ձեռագրեր, որոնցից 30-ը պահվում են Մատենադարանում: Առաջին անգամ տպագրվել է 1695 թ-ին, Ամստերդամում, աշխարհաբար՝ 1889 թ-ին՝ Խորեն Ստեփանեի փոխադրությամբ:

 

1940 թ-ին Ստեփանոս Մալխասյանցը հրատարակել է նոր և գիտական փոխադրությունը, որը 1990 թ-ին վերահրատարակվել է «Պատմություն Հայոց»-ի 1500-ամյակի առթիվ: Երկի բնագիրը լույս է տեսել 19, աշխարհաբարի վերածված՝ ավելի քան 10 անգամ, թարգմանվել է ռուսերեն, ֆրանսերեն, լատիներեն, իտալերեն, գերմաներեն, անգլերեն, պարսկերեն, արաբերեն և այլ լեզուներով:


Խորենացու դավանաբանական աշխատություններից արժեքավոր են «Պատմություն Սրբուհվույն Աստվածածնի և պատկերի նորա», «Պատմություն Սրբոց Հռիփսիմյանց» երկերը, «Ներբող ի Սուրբն Հռիփսիմե», «Հաղագս Վարդավառին խորհրդո» ներբողները, «Պատմություն վարուց Աղեքսանդրին» թարգմանական երկը, «Գիրք պիտոյից»-ը և այլն:
   Խորենացին նաև նշանավոր երաժիշտ-բանաստեղծ է ու շարականագիր: Առավել հայտնի են «Խորհուրդ մեծ և սքանչելի», «Ծագումն հրաշալի», «Ուրախացիր, սրբուհի» երգերը, որոնց բնորոշ է հանդիսավոր տոնական, քնարական և վիպերգական շունչը:


Խորենացու մասին հրատարակվել է  շուրջ 3 հզ. ուսումնասիրություն: 1991 թ-ին մեծ շուքով նշվել է «Պատմություն Հայոց»-ի 1500-ամյակը, միջազգային գիտաժողովներ են տեղի ունեցել Երևանում, Փարիզում, Նյու Յորքում:


1993 թ-ին սահմանվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ:


Մովսես Խորենացու անունով Երևանում և ՀՀ այլ քաղաքներում կոչվել են փողոցներ, բուհ, կանգնեցվել են նրա հուշարձանները: 

 

 

 

 

 

Կենսագրությունը


Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են։ Դրանց մեծ մասը հաղորդում է ինքը՝ հեղինակը, իր «Հայոց պատմության» մեջ պատահական կերպով։ Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում, մեկ այլ վարկածով՝ Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա(ն) գյուղում։ Ենթադրվում է, որ 15-16 տարեկան հասակում, այսինքն մոտ 427 թ, նա ուղարկվում է Վաղարշապատ։

Վաղարշապատի դպրոցում նա եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կրտսեր աշակերտներից։ Այստեղ նա ուսանում է 5-6 տարի՝ բացի հայերենից սովորելով նաև հունարեն և ասորերեն։ 431 թ հետո՝ հավանաբար 434-435 թթ ընթացքում, ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»։ Ալեքսանդրիայում նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնում են վերադարձի ուղին և ճանապարհվում դեպի Հունաստան։ Սակայն ծովային սաստիկ քամիները նրանց նավը քշում են դեպի Իտալիայի ափերը։ Օգտվելով առիթից՝ հայ երիտասարդներն այցելում են Հռոմի սրբավայրերը, այնուհետև մեկնում են Աթենք։ Ձմեռն այնտեղ անցկացնելուց հետո գարնանը գալիս են Հայաստան։ Նրանք տեղ են հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն 440 թ փետրվարից հետո։ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»։

Չնայած իր նկատմամբ եղած հալածանքին և անտարբերությանը՝ Խորենացին եռանդուն կերպով զբաղվում է գրական աշխատանքով. կատարում է թարգմանություններ, գրում ինքնուրույն երկեր։ Զրույց է պահպանվել, թե ծերության տարիներին Պատմահայրը գնահատվել և արժանացել է մեծարանքի, ստացել է եպիսկոպոսական աստիճան։

 

Նա ապրում է զրկանքներով լի կյանք՝ վախճանվելով, ենթադրաբար, 490-ական թվականների սկզբին հիվանդության ու աղքատության մեջ։