ՈՒրիշները Շիրակացու մասին


 

 

 

 


   

Անանիա Շիրակացի


 

Անանիա Շիրակացին վաղ միջնադարի մաթեմատիկոս էր,
տոմարագետ,
աստղագետ,
աշխարհագետ,
փիլիսոփա,
օդերևութաբան:
Նա առաջինն է կայուն հիմքերի վրա դրել ճշգրիտ
գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում:

 

 

 

 

Շիրակացին, Դպրեվանքի դպրոցում նախնական կրթություն ստանալով, որոշեց նվիրվել համրողական արվեստի՝ մաթեմատիկայի ուսումնասիրմանը: Նա համոզված էր, որ ամեն ինչի հիմքում թվերն են, իսկ համրողական արվեստը համարում էր բոլոր գիտությունների հիմքը: Մեզանից ավելի քան 1300 տարի առաջ, երբ աշխարհում հմուտ մասնագետներն ու ուսուցիչները շատ քիչ էին, ուսումը շարունակելու, գիտելիքները խորացնելու միակ միջոցը ճամփորդելն էր ու հեռավոր երկրներում ուսուցիչ գտնելը: Շիրակացին այդպես էլ վարվեց:


Ընդհանուր առմամբ` նա արտասահմանում ճանապարհորդեց և սովորեց 11 տարի, որից 8-ը՝ հույն նշանավոր գիտնական Տյուքիկոս Բյուզանդացու դպրոցում: Ուսուցչի հարուստ գրադարանը Շիրակացու համար դարձավ երկրորդ ուսումնարանը: Հայ երիտասարդը, մաթեմատիկայից բացի, ուսումնասիրեց նաև պատմություն, բժշկագիտություն, աշխարհագրություն և այլ գիտություններ:

Ուսումնառությունն ավարտելուց հետո Շիրակացին շտապեց վերադառնալ Շիրակ և դպրոց բացեց, որտեղ գալիս էին սովորելու Հայաստանի տարբեր վայրերից:


Անանիա Շիրակացին ոչ միայն սովորեցնում, այլև դասագրքեր էր ստեղծում, որոնք այնուհետև բազմացնում էին՝ մեկը մյուսից արտագրելով:


Հարյուրամյակներ շարունակ հայ երեխաներն ու պատանիները մաթեմատիկան սովորել են Շիրակացու խնդրագրքով, որտեղ ամփոփված խնդիրները նաև հետաքրքիր տեղեկություններ էին պարունակում պատմությունից, աշխարհագրությունից, տարբեր արհեստներից ու ժամանակին բնորոշ առօրյայից: Որոշ խնդիրներ ունեին զվարճալի բնույթ և կոչվում էին խրախճանականներ:

Անանիա Շիրակացու կարևոր աշխատություններից են ժամանակի ճշգրիտ հաշվարկմանը ծառայող տոմարական հաշվումների աղյուսակներն ու բոլորակները (աստղագիտական աղյուսակներ), որոնք տվյալներ են պարունակում ոչ միայն հայկական, այլև քաղաքակիրթ մյուս ժողովուրդների տոմարական համակարգերից:


Իր աստղագիտական աշխատություններում Անանիա Շիրակացին քննության է առել Արեգակի, Երկրի, Լուսնի, աստղերի վրա և Տիեզերքում տեղի ունեցող երևույթներ: Նա համոզված էր, որ Երկիրը գնդաձև է, պարզել է, որ լույսի տարածման արագությունը շատ ավելի մեծ է, քան ձայնինը, գտնում էր, որ Լուսինը սեփական լույսից զուրկ, պինդ մարմին է, որը երևում է Արեգակի ճառագայթների անդրադարձմամբ, իսկ նրա վրա երևացող մութ բծերը մակերևութային անհարթություններ են:

Շիրակացին բացատրել է նաև Լուսնի փուլերի առաջացումը, Արեգակի և Լուսնի խավարումները: Ծովերի մակընթացություններն ու տեղատվությունները նա համարել է Լուսնի ազդեցության արդյունք: Համեմատական դատողություններով եզրակացրել է, որ Արեգակը մեծ է թե՜ Լուսնից, թե՜ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա:

Շիրակացին նշել է նաև աստղագիտության մի շարք գործնական կիրառություններ, մասնավորապես՝ նավագնացության ժամանակ աստղերով կողմնորոշվելու և Արեգակի դիրքով օրվա ժամերը որոշելու եղանակը:


Շատ հետաքրքրական են նաև թանկարժեք քարերին, չափ ու կշռին, ֆիզիկայի և օդերևութաբանության տարբեր հարցերի վերաբերող նրա ուսումնասիրությունները:


Անանիա Շիրակացու հուշարձանները կանգնեցված են Մատենադարանի և Երևանի պետական համալսարանի առջև:

ՀՀ-ում սահմանվել է Անանիա Շիրակացի մեդալ, որով պարգևատրվում են գիտության և մշակույթի բնագավառում ակնառու ձեռքբերումների համար: 

 

 

   Անանիա Շիրակացու աշխատություններից ամենաինքնատիպը թվաբանության դասագիրքն է: Այն բաղկացած է երկու մասից՝ թվաբանական աղյուսակներից (գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողությունների) և խնդրագրքից: Մաթեմատիկայի պատմության համար ուշագրավ են նաև խոր անցյալում հայ ժողովրդի բանահյուսական խրախճանականները (զվարճալի և բովանդակալից խնդիրներ), որոնք նա է առաջինը գրի առել և, նկատի ունենալով դրանց բարդությունը, զետեղել իր դասագրքի վերջում: Անանիա Շիրակացու այս աշխատությունն այն բացառիկ դասագրքերից է, որի թվաբանական գործողությունների աղյուսակներն ամենահնագույնն են:

 

  Անանիա Շիարակացին ոչ միայն Հայոց Մեծ թվականի, այլև "Արարչության" կոչվող թվականներից մեկի հիմնադիրն է: Տոմարի պատմության համար բացառիկ արժեք ունի "Պատճէն տումարի" աշխատությունը, որտեղ նա զուգահեռ է անցկացրել հայկական տոմարի և հարևան ժողովուրդների տոմարական համակարգերի միջև, մեջբերել 14 ժողովուրդների (եբրայական, ասորական, հունական, հռոմեական, եգիպտական, վրացական, իրանական և այլն) ամսանունները և նրանց տոմարական հաշվումները: Անանիա Շիրակացու շնորհիվ տեղեկություններ են պահպանվել նաև անհետացած որոշ ժողովուրդների (օր., աղվանների) տոմարի մասին: Տոմարական աշխատություններից ամենակարևորը "Քրոնիկոնն" է: Այն պարունակում է 532 տարիների զուգացանկը, որտեղ տվյալներ են բերված պարբերաշրջանի յուրաքանչյուր Ամանորի, յոթներյակի, վերարդի, քրիստոնեական կարևոր տոների և տոմարական այլ հաշվումների վերաբերյալ: Աշխատության մեջ մի շարք արժեքավոր տեղեկություններ կան նաև հին հայկական նախաքրիստոնեական տոմարի մասին:

Կենսագրությունը


ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻՆծնվել է Շիրակի Շիրակավան (Երազգավորս) և կամ Անեից գյուղում, ինչպես ենթադրվում է՝ 610-ական թթ. մեջ, շինականի ընտանիքում: Ինքնակենսագրական բնույթի մի գրվածքում, ուր գիտնականը համառոտակի պատմում է իր ուսումնառության մասին, իրեն անվանում է "Անանիա որդի Յովհաննիսի Շիրականւոյ": Հայրենիքում ստանալով նախնական կրթություն ("զդպրութիւն մերոյ ազգիս Հայաստանեայց")՝ բոլոր գիտությունների հիմք "համարողական արվեստին" տիրապետելու նպատակով գնում է Հունաց աշխարհ և Հայաստանի արևմտյան կողմերը, վերջապես Տրապիզոնում գտնում իր երազած ուսուցչին՝ Տյուքիկոս անունով հույն գիտնականին և մեծ ջանասիրությամբ ութ տարի աշակերտում նրան մեծահամբավ դպրոցում: Հարուստ գիտելիքներով ծանրաբեռն՝ Շիրակացին 661-ին վերադառնում է հայրենիք և իր իմացությունը հաղորդում հայոց վանական դպրանոցներում: Այն հանգամանքը, որ նրա անունով պահպանված Ժամանակագրության մեջ դեպքերի հիշատակությունը հասցված է մինչև 685 թվականը, հիմք է տալիս կարծելու, որ այդ թվականին նա դեռ ողջ էր. մահը վրա է հասել դրանից քիչ ուշ: